Բանգլադեշում ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 27 մարդ, մեծ մասը՝ երեխաներ. կան բազմաթիվ տուժածներ

Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռը մայրաքաղաք Դաքքայում բախվել է դպրոցի շենքին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, իսկ ավելի քան 170-ը՝ վիրավորվել։

«Ընդհանուր առմամբ զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ 25 երեխա և մեկ օդաչու»,- ասել է երկրի առողջապահության նախարարության խոսնակ Սայեդուր Ռահմանը։

«78 մարդ բուժվում է տարբեր հիվանդանոցներում»,- AFP-ն մեջբերել է նրա խոսքերը։

Ըստ իշխանությունների՝ օդաչուն պլանային ուսումնական թռիչքի ժամանակ տեխնիկական խնդրի է հանդիպել։ Վթարի ճշգրիտ պատճառը հետաքննվում է։

BBC-ի հետ զրուցած ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը բախվել է ուղիղ երկհարկանի «Մայլսթոուն» դպրոցի և քոլեջի շենքին։ Ուտարայի հյուսիսային արվարձանում գտնվող դպրոցի տեսախցիկների կադրերը ցույց են տվել բախումից հետո առաջացած հսկայական հրդեհ և խիտ ծուխ։

Զինվորականները հաստատել են, որ իրենց ինքնաթիռներից մեկն է մասնակցել միջադեպին։

«Բանգլադեշի ռազմաօդային ուժերի F-7 BGI ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ուտարայում։ Ինքնաթիռը թռիչք է կատարել տեղական ժամանակով ժամը 13:06-ին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ մայրաքաղաքի ավիաբազայից թռիչք կատարած օդաչուն փորձել է ինքնաթիռն ուղղորդել ավելի քիչ բնակեցված տարածք մեխանիկական խնդրի պատճառով։

Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմադ Յունուսը հայտարարել է, որ իր կաբինետը կձեռնարկի «անհրաժեշտ քայլեր»՝ միջադեպը հետաքննելու և «ամբողջ հնարավոր օգնությունը տրամադրելու» համար:

«Սա խոր վշտի պահ է ամբողջ ազգի համար: Մաղթում եմ վիրավորներին արագ ապաքինում և հանձնարարում եմ իշխանություններին, այդ թվում՝ համապատասխան հիվանդանոցներին, իրավիճակին վերաբերվել առավելագույն լրջությամբ»,- գրել է նա «X»-ում:

Հուլիսի 22-ը Բանգլադեշում հայտարարվել է սգո օր, իսկ երկրի ողջ տարածքում իջեցված են ազգային դրոշները:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան