Արցախում դրամահավաք է կազմակերպվում աջակցելու համար երկրաշարժից տուժած Սիրիային

Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։

Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։

Related posts

ՀՀ-ի սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակի Օրգով բնակավայրում հողամասի նկատմամբ. վարչապետ

Լաբուբուն՝  որպես խայծ. Խաբեբաները նոր սխեմա են սկսել

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում