Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով:
Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով:
Արցախի կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Երեխան հիմա գտնվում է Երևանում՝ բժիշկների վերահսկողության տակ:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ, և, հուսանք, կհաջողվի նրա առողջությունը հնարավորինս վերականգնել:
2020 թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել:
Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար: Սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և մեր համագործակցության հերթական օրինակն է»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի պետնախարարը:

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան