Արցախից տեղահանված անձանցից 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում. Նարեկ Մկրտչյան

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ամփոփիչ ելույթի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների, մասնավորապես՝ կանանց և երեխաներին ուղղված ծրագրերին։

«2020 թ․ պատերազմից հետո Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող բազմաթիվ ծրագրեր վերանայվել են՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Արցախից տեղահանված անձանցից 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում։ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության հնգամյա ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են մշակվել՝ շարունակաբար ընդլայնելու խոցելի խմբերին պատկանող կանանց ցուցաբերվող օգնությունը»,- նշել է նախարարը։

Քննարկման ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև ՀՀ բոլոր մարզերում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործունեության դերը, որոնք շարունակում են շահառուներին տրամադրել աջակցության տարաբնույթ ծառայություններ։

Ելույթի ավարտին նախարարը շեշտել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ կանանց և աղջիկների ներուժի խթանման ու իրացման ապահովման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է սերտորեն աշխատի՝ երաշխավորելու, որ կանայք լինեն ոչ միայն շահառուներ, այլև արժանապատիվ հերոսներ՝ իրենց անձնական զարգացման և իրենց ընտանիքների ու հասարակության զարգացման համար:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան