Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:

Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։

Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության պետական օրհներգերը:

Դիմավորման արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։

Աբդալլահ Երկրորդ իբն Ալ-Հուսեյնը մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին Հայաստան իր պաշտոնական այցը և երախտագիտություն հայտնել Հայաստանի նախագահին ու ժողովրդին:

Նշվել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների և, որպես լավ ընկեր ու բարեկամ, ակնկալում են սերտորեն աշխատել ու աջակցություն ցուցաբերել:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, աջակցության խոսքերի ու երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերություններն առավել զարգացնելու շարունակական պատրաստակամության համար։ Նա հիշել է ամիսներ առաջ Հորդանանի թագավորի հետ Երևանում կառուցողական քննարկումներն ու ապագային միտված ծրագրերը: «Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի,– ասել է Հայաստանի նախագահը: -Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը»: Նշելով, որ ցանկացած դժվար վիճակից ելքի հույս կա՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն, կստեղծվի ավելի խոր համագործակցություն:

Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին՝ Հայաստանի նախագահն ու Հորդանանի թագավորը պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: Նրանց խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները․ Հորդանանը, ինչպես Հայաստանը, մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:

Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին հանգամանորեն տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում