Արմեն Սարգսյանը գերիների հարցով նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Նախագահ Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին:

Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: – Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում:

Դիմում եմ Ձեզ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում