Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել աշխարհի բացարձակ գավաթակիր

Մարմնամարզության աշխարհի գավաթի վերջին փուլում մեր մարզիկը՝ Արթուր Դավթյանը, ոսկե մեդալ է նվաճել և նաև հռչակվել աշխարհի բացարձակ գավաթակիր, ինչպես նախորդ տարի: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացննում են, որ Դավթյանը, հանդես գալով հենացատկի եզրափակչում, հավաքել է 15,166 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ ոսկե մեդալ նվաճելով:

Հայ մարմնամարզիկը, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, երկրորդ տարին անընդմեջ կարողացել է նվաճել նաև բացարձակ հաղթողի կոչումը:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ դարձել էին մեդալակիրներ:

Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել էր 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել էր լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել էր նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր էր հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես էր եկել նաև Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:

Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին մասնակցում էին մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում էր:

Գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որտեղ մարզիկները պայքարելու են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

 

 

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան