Արթիկում կկառուցվի համայնքային արևային կայան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Արթիկ համայնքին տրամադրվել է 600 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրապետության համայնքներից Արթիկն առաջինն է, որ ստացել է արևի մաքուր, կանաչ ու անվճար էներգիան շահավետ օգտագործելու և համայնքային բյուջե հավելյալ եկամուտներ ապահովելու հնարավորություն։ Ի դեպ, ՀՀ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կատարված բարեփոխումների շնորհիվ, համայնքների համար այսուհետ գործելու է արևային էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզավորման առանձին կարգ:

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և «Համայնքների Միության» նախաձեռնությամբ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում պետք է կառուցվի 600 կՎտ հզորությամբ համակարգային արևային ֆոտովոլտային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է հայկական Էլեկտրական ցանցին։ Կայանի շինարարության համար կայացած մրցույթում, լավագույն առաջարկով, ընտրվել է ,,ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ,, /EcoVille Solar Technologies/ ընկերությունը, որը շուտով կսկսի կայանի շինարարությունը։ Արթիկում կառուցվելիք կայանը կապահովի մոտ 20 մլն. դրամ հավելյալ եկամտային հոսքեր համայնքային բյուջե, որոնք կուղղվեն կայուն զարգացմանը միտված նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն, EU4ASEP ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը նշել է, որ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նպատակներից է ոչ միայն արևային համակարգերի ներդրումը, այլև Հայաստանում կայուն էներգետիկայի խթանման նորարական բիզնես մոդելների և նպաստավոր օրենսդրական դաշտի ստեղծումն ու զարգացումը: Հուսանք, որ Արթիկի կայանի օրինակին կհետևեն բազմաթիվ այլ համայնքային կայաններ։

Related posts

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել

Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում