Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ապրիլի 7-ին տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ:

«Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը:

Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա:

Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվեցին առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արտգործնախարար Արա Այվազյանն ու Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր փոխանակեցին նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ:

ԱԳ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվեց միջազգային կառույցների՝ տեղում անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,.- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում