Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող տարածքը կվերադարձվի Երևանին

Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը, որը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ–ի սեփականությունն էր, դատարանի որոշմամբ վերադարձվել է Երևան համայնքին: Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ի նիստի ժամանակ։

Տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այս որոշումն ընդունվել է դռնբաց դատական նիստին, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի բավարարվել է։

«Հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին»,- մասնավորապես ասված է որոշման մեջ:

«Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 20.000 դրամ՝ որպես պետական տուրքի գումար։

Որոշման մեջ նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 31-ին կքննի ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ հայց ընդդեմ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի՝ անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։

Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ:

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ