Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Հայաստանի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: Արձանագրվել է, որ ժամանակակից շրջանում երկու պետությունների միջև հարաբերությունները նշանավորվում են նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցությամբ:

ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան