Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագով դեռ նոր անձինք են հայտնաբերվում. Վարդապետյանը մանրամասնում է

Ունենք դատարան ուղարկված մի քանի նմանատիպ գործեր, որոնց մի մասը չի հրապարակվել, որովհետև «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» նշագրման ներքո են եղել: Բնականաբար, դրանց մասին խոսել չեմ կարող: Վերհիշելով՝ ասեմ՝ առնվազն 5-ը հիմա կմտաբերեմ տարբեր փուլեր [իշխանության յուրացման], բայց բոլորը նախապատրաստական գործողություններին են վերաբերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր զենքի գործադրմամբ իշխանության յուրացման քանի՞ բացահայտված դեպք է եղել:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի գործողությունների մասնակիցների անձանց մասով մինչ օրս դատարան ուղարկվող վարույթներ ունենք: Բոլորովին վերջերս 10 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված գործն ուղարկվեց դատարան, և դեռևս ընթացքի մեջ է այն ժամանակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագը, և նոր անձինք են հայտնաբերվում, որոնք մասնակցություն են ունեցել այդ գործընթացին: Այսինքն՝ քանի որ 2020 թվականը մեծածավալ դրվագ է, 2000 չէ, բավականին շատ թվով անձինք են, և շարունակաբար դեռևս ուղարկվում են դատարան առանձին դրվագներ:

Ունենք դատական ակտեր կեցավայրի վրա կատարված հարձակման, կողոպուտի, ունենք դատապարտումներ, որոնց վերաբերյալ էլի կան հրապարակումներ: Բայց եթե առնվազն մտովի փորձեմ վերհիշել ոչ գաղտնի և գաղտնի վարույթներով, 5-ը կհիշեմ, որ այս պահին ուղարկել ենք դատարան տարբեր անձանց ներգրավմամբ, այդ թվում՝ ոչ ՀՀ-ում հավաքագրված, բոլորը նախապատրաստական փուլերում՝ բացահայտված ու կանխված»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ մայիսին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը նշել էր, որ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել, և առաջիկա ամիսներին մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ: ՔԿ նախագահը հավելել էր, որ կոնկրետ Արարատ Միրզոյանի մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել էր, և այդ մասով էլ էր դատարան ուղարկվել:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ներկայացրել էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Related posts

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում

Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ

Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները