Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Related posts

Երկու զոհ, 70 վիրավոր՝ Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով

Հերոսներին պետք է հիշել ու հարգել, որ ապագայում էլ նոր հերոսներ ունենանք․ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ