Արարատ Միրզոյանը և Իրանի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել առավելագույն ջանքերը երկու երկրների՝ պատմական և քաղաքակրթական հիմքերի վրա անխափան կերպով ընթացող հարաբերությունների առավել խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության խորացման և իրականացման փուլում գտնվող ու նախանշված ծրագրերի կյանքի կոչման աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Երկուստեք շեշտվել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցումը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Related posts

Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով

«ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում այլևս չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ». Ռ.Ռուբինյան

ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել