Արարատ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը


Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի առանց նախապայմանների վերաբացման կարևորությունը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սանդրանքների փոխարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությանը վերաբերող առանցքային հարցերի շուրջ կառուցողական մոտեցման ցուցաբերումը և հանձնառությունների իրագործումը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան