Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետի հետ

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: Հայտնում է ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը։

Related posts

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Բաքուն չի արձագանքել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին այցելելու Մոսկվայի խնդրանքին. Զախարովա

Վարչապետը և «Տրաֆիգուրա»-ի նախագահը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր