Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով հողամասը 2008 թվականի մարտի 10-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է տվյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ի մորը, ով իր հերթին հետագայում նշված իրավունքը նվիրել է որդուն՝ Հ.Պ.-ին:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի մարտի 10-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 2-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով, 1 միլիոն 201 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Առ այսօր Արարատ համայնքի տիրապետմանն են վերադարձվել Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ 5 հողատարածքները՝

1.     Արարատ քաղաքի Այգի 7 հասցեում գտնվող՝ 0.0640 հա մակերեսով հողամասը

2.    Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը,

3.    Արարատ քաղաքի Այգի 6 հասցեում գտնվող՝ 0.2100 հա մակերեսով հողամասը,

4.    Արարատ քաղաքի Այգի 10 հասցեում գտնվող՝ 0.0630 հա մակերեսով հողամասը,

5.    Արարատ քաղաքի Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0.1280 հա մակերեսով հողամասը:

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին