Արագածոտնի մարզի 42-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«2024 թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը՝ ծնված 1981թ․։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Օշական բնակավայրի 24-ամյա բնակիչը, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թ․ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի «Արծվի թևեր» կոչվող տարածքի՝ «Կարմիր հողեր» վայրում, 42-ամյա տղամարդու և նրա որդու հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, 24-ամյա երիտասարդը, հիշյալ տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ընթացքում երիտասարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող խողովակով մի քանի հարվածներ է հասցրել նաև 42-ամյա տղամարդու որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 24-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան