Սևաստոպոլն առանց էլեկտրաէներգիայի է մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է օկուպացված քաղաքի՝ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ մասնագետները գնահատում են վնասի չափն ու աշխատում հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Նա նաև կոչ է արել բնակիչներին՝ խնայել իրենց հեռախոսների մարտկոցները և օգտագործել դրանք միայն արտակարգ կապի համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի վերականգնումից հետո խուսափել ցանցի գերբեռնվածությունից: Քաղաքային մանկապարտեզները կաշխատեն հատուկ ռեժիմով, Ռազվոզժաևը ծնողներին խնդրել է իրենց երեխաներին տանը պահել։ «Крымский ветер» տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ «Սևաստոպոլի գլխավոր էլեկտրական ենթակայանը ենթարկվել է երեք հարվածի», որից հետո հրդեհ է բռնկվել։ Բացի այդ, հաղորդվում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օրենբուրգի մարզի գազի վերամշակման գործարանին։ Ուկրաինական Exilenova+ ալիքի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգի մոտակայքում գտնվող գազի վերամշակման գործարանին (Գազպրոմպերերաբոտկա), որտեղ գրանցվել են մի քանի հրդեհներ: Supernova+-ը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործարանին հասցրել են առնվազն երեք հարված: Տեղի բնակիչները նաև հայտնում են Օրենբուրգի հելիումի գործարանի վրա հարձակման մասին: Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հայտարարել է, որ «մի քանի անօդաչու թռչող սարքեր» են խոցվել մարզի կենտրոնի արդյունաբերական օբյեկտի վրա, և որ «արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում»։ Նա հարձակման մասին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։ Օրենբուրգում, Օրսկում և Յասնիում օդային փոխադրումների սահմանափակումներ են սահմանվել։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 323 անօդաչու թռչող սարք։ Անօդաչուներ են խոցվել Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա։