Ավարտվել է հրկիզման եղանակով գույքը դիտավորությամբ վնասելու և բնակարանային գողության դեպքերի քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու, ինչպես նաև գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասելու և խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 21-ին Եղեգնաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, նախապես համաձայնության գալով իր 34 և 38-ամյա ընկերների հետ, բենզին են գնել և միասին ավտոմեքենայով ուղևորվել դեպի Մալիշկա գյուղ տանող ճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետ: 34-ամյա տղամարդն իր հետ վերցնելով նախապես գնված բենզինը, այն լցրել է ավտոտեխսպասարկման կետի բացօթյա արտաքնոցին և դիտավորությամբ հրկիզել այն, որից հետո միասին հեռացել են։

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ երեքով նույն օրը գնացել են մեկ այլ ավտոտեխսպասարկման կետ, որտեղ երկուսով սպասել են ավտոմեքենայում, իսկ 34-ամյա տղամարդը կացինի գործադրմամբ դիտավորությամբ կոտրելով ավտոտեխսպասարկման կետի պատուհանները և տարածքում կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իր հետ նախապես վերցված բենզինը լցնելով ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ դիտավորությամբ պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 727.500 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2022 թ. փետրվարի 4-ին՝ 30-ամյա տղամարդն նախնական համաձայնության գալով իր վերոհիշյալ 38 և 32-ամյա մեկ այլ ընկերոջ հետ, գնացել են Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոց, որտեղ վերջիններս հարմարեցված բանալիով բացել են շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ տանտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ 1.427.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 30-ամյա և 38-ամյա տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան