ԱՆ-ն ներկայացնում է ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի և այլ արգելված իրերի օգոստոսի հաշվետու զեկույցը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:
Հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:
«Արմավիր», «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիներին: Արդյունքում տեսակցության եկած անձանց մոտ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ, որոնցում առկա են եղել բջջային հեռախոսներ և թմրամիջոցին նմանվող տարբեր զանգվածներ:
Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին: Արդյունքում վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են հերոյին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, wi-fi սարք, ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորման լար:
Ավելի վաղ՝ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն զննության էին ենթարկել դատապարտյալներից մեկին և վերջինիս ափից հայտնաբերել կասկածելի փաթեթ, որում ևս առկա էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ բյուրեղանման զանգված։

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար