Անկլավ-էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, ես այդ թեմայի ներվը հանում եմ. Փաշինյան

Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է: Այս թվաբանության մեջ չեն մտնում Ադրբեջանի 3 անկլավային տարածքները: Մեր էքսլավային տարածքը՝ Արծվաշենը, մտնում է: Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, ուրեմն ասում ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կմ չէ, այլ, օրինակ, 29755 քառակուսի կիլոմետր է: Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Ինչո՞ւ եմ ես դա անում. դա անում եմ վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու այժմ չի խոսվում անկլավների փոխանակման թեմայի մասին: Լրագրողը միաժամանակ հիշեցրեց, որ ԱԺ-ում ելույթի ժամանակ Տիգրանաշենն անվանել է Քյարքի:

«Կան ներքին ու արտաքին ուժեր, որոնք մտածում են՝ ոնց փլուզեն հաստատված խաղաղությունը, և ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում և արվելու է օգտագործել՝ փլուզելու համար խաղաղությունը, էսկալացիա մտցնելու համար: Կներեք բժշկական զուգահեռի համար, ես այդ թեմայի ներվը հանում եմ, որպեսզի հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել:

Ավելին ասեմ. Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին, բայց մենք ունենք ընդհանուր սահմանազատման խնդիր, որովհետև եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ մենք Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջ է գալիս սկզբունքը՝ ինչ գրավել է, իրենն է, դե, գրավել, գրավել ենք:

Երկրորդը կոնֆլիկտային սկզբունքն է: Հիմա, երբ այսօր ներվը հանել ենք, իսկ իմ կարծիքով արդեն հանված է ներվը, վե՛րջ, այս անկլավ-էքսկլավների թեման վերջին թեման էր (ընդ որում՝ ես այս թեմային անդրադարձել եմ նաև նախընտրական շրջանում), սա այն վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը: Վե՛րջ, խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա:

Հիմա գործնականի մասով այսօր, երեկ նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել, և առաջիկայում կա ֆունդամենտալ կարևոր մի բան. դա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է՝ վավերացված երկու երկրներում»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ հիմա անկլավների և սահմանազատման թեմաների հետ կապված կան իրադրություններ, որի շրջանակում «կարող ենք ճանապարհներից զրկվել», բայց նաև նկատեց, որ Ադրբեջանն էլ ունի նման իրավիճակ: Դիտարկմանը, թե ՀՀ-ի դեպքում խնդիրը սրված է, Փաշինյանն արձագանքեց՝ չկա նման բան, ավելին՝ ՀՀ-ի դեպքում իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանի դեպքում:

Ըստ Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների հարցը ի վերջո դառնալու է մի սովորական հարց, և երկու կողմերը նստելու են ու խնդիրները միասին լուծեն:

«Սահմանազատման արդյունքում գաղթեր և տեղահանություններ պետք է չլինեն (hիմա սա էլ չմեկնաբանվի որևէ կերպ…): Պետք է մարդիկ ապրեն, պետք է մարդիկ լավ ապրեն»,- ասաց նա:

Related posts

Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան

Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին

Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին