Այս տարին կամփոփենք նոր կառուցված, ընթացքի մեջ գտնվող, 210-ը գերազանցող դպրոցների քանակով. փոխվարչապետ

Այս տարեսկզբին ունեինք շահագործման հանձնված 28 նոր կառուցված դպրոց, սեպտեմբերի 1-ին ևս 7-ը կհանձնվի շահագործման: Մինչև այս տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս տասն ավարտին հասցնել, այսինքն՝ տարեվերջին կունենանք 35 արդեն ավարտված, 45 ավարտված և շահագործման հանձնված դպրոցներ, ևս 27-ը շահագործման փուլում են, և դրանք հիմնականում շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 29-ի նիստին տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի հարցին, թե ինչ փուլում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագիրը:

«Եվս 30-ի մրցույթներ կհայտարարվեն սեպտեմբերի ընթացքում, այսինքն՝ մենք այս տարին կամփոփենք նոր կառուցված, ընթացքի մեջ գտնվող, 210-ը գերազանցող դպրոցների քանակով»,- ասաց փոխվարչապետը:

Այս ամիս կարևոր մեկ այլ ուղղություն է նաև մեկնարկելու, տեղեկացրեց փոխվարչապետը: Դրանք նորոգվող այն դպրոցներն են, որոնք սեյսմակայունության պահանջները բավարարելու նպատակով կարիք ունեն նորոգման և լավ վիճակի բերելու:

«Տարվա ընթացքում առնվազն 50 այսպիսի նորոգման աշխատանքներ նույնպես կսկսենք: Այս հաշվարկում չենք ներառում այն դպրոցները, որտեղ մենք նոր մարզադահլիճներ էինք կառուցել: Արդեն 21-ում կարող ենք համարել, որ աշխատանքներն ավարտված են, որովհետև 16-ը ավարտված էին, և 5-ը այս օրերին է ավարտին հասցվում: Մինչև տարեվերջ կավարտենք նաև 8-ը»,- ասաց փոխվարչապետը և հավելեց, որ այն դպրոցներում, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել, պետք է դիտարկել, թե որոնցում նորոգման կարիք կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ տպավորություն ունի, որ ծրագրի մասով իրավիճակը կառավարելի է, բայց նաև առաջարկեց հաճախ այցելել դպրոցներ, լսել աշակերտներից, ուսուցիչներից, թե ինչ է կատարվում դպրոցում և ինչ դիտողություններ ունեն:

«Քննարկում ենք նաև, որ առաջիկայում կներդնենք դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարտներ, և այդ ստանդարտները նույնպես ժամանակի ընթացքում կհետևենք, որ պահվեն»,- ասաց վարչապետը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ