Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day):

Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարատեակ միջոցառումներ։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է, թե ինչու է երեխաներին նվիրված տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը։

Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականի հունիսի 1-ին Չինաստանի Գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի ծնողազուրկ երեխաներին եւ նրանց համար կազմակերպել Դուան-ու ցզե տոնը (Վիշապանավերի փառատոն՝ ըստ չինական ավանդույթի)։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ օրը համընկել էր Ժնեւում «մանկական» համաժողովի անցկացման շրջանի հետ։

Նույն օրը նշվում է եւս մեկ հուզիչ տոն՝ Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում (66/292 բանաձեւ)` 2012 թվականի սեպտեմբերին, եւ սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։

Տոնի նպատակն է հիշեցնել մոլորակի բնակիչներին համամարդկային արժեքների մասին, պաշտպանել եւ ամրապնդել դրանք՝ որպես ամուր եւ բարոյապես կայացած ընտանիքի հիմք։ Չէ՞ որ հենց ընտանիքն է (նախ՝ ծնողները) պատասխանատվություն կրում երեխաների դաստիարակության եւ պաշտպանության համար, որպեսզի նրանց անձի լիարժեք ու ներդաշնակ զարգացումը ընթանա ընտանեկան միջավայրում եւ երջանկության, սիրո ու փոխըմբռնման մթնոլորտում։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին միանալ Ծնողների օրվա տոնակատարությանը, եւ նշել այն քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության շրջանակում՝ ներգրավելով երիտասարդությանն եւ երեխաներին։

Related posts

Կծիկը բացահայտվել է. ՔԿ նախագահը՝ 590.000 դոլարի հափշտակության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Հակադիր ակցիաներ ԱԺ-ի դիմաց՝ Մատվիենկոյի Հայաստան այցի ֆոնին