Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացմանը և հանդես եկել ելույթով:

«Հարգելի՛ դեսպաններ,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում:

Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարևոր հարթակ է մեր երկրների միջև համագործակցության խորացման համար: Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Մեծ հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Սակայն հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն: Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն:

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտներում հստակ ծրագրերի:

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը: Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք:

Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում խթանելու անմիջական կապերն ու համատեղ նախաձեռնությունները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ, կարևոր է պետությունների ու տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցություն հաստատելուն ու զարգացմանն ուղղված քայլերը:

Համոզված եմ, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ կարևոր խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման գործում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Շնորհակալություն ուշադրության համար»,- եզրափակել է ելույթն ԱԺ նախագահը:

Related posts

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Դավիթ Առուշանյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին