ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Ամերիկայի Ձայն

Ավելի քան 30 ռուսաստանյան կառույցներ և անհատներ ընդգրկվել են պատժամիջոցների ցուցակում

Բայդենի վարչակազմը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ ի պատասխան Մոսկվայի վերջին գործողությունների, ներառյալ կիբեր լրտեսական հարձակումը SolarWinds– ի դեմ, Ռուսաստանի միջամտությունը 2016թ. նախագահական ընտրություններին և Ռուսաստանի զորքերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների մոտ և գրավյալ Ղրիմում:

Պատժամիջոցների տակ են ընկնում ավելի քան 30 ռուսաստանյան կառույցներ և անհատներ: Խոսքը գնում է նաև ԱՄՆ-ից առնվազն 10 ռուսաստանցիների արտաքսման մասին, որոնց թվում են հետախուզության ոլորտի պաշտոնյաներ և դիվանագետներ, նշում են որոշ աղբյուրներ:

Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) զանգվածային գործողություններ է ձեռնարկել 16 իրավաբանական անձանց և 16 ֆիզիկական անձանց դեմ, ովքեր ներգրավված էին Ռուսաստանի իշխանությունների պատվերով ԱՄՆ-ի 2020 թ. նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ, ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

«Ֆինանսների նախարարությունը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի ղեկավարների, պաշտոնատար անձանց, հետախուզական գործակալությունների և նրանց դրածոների դեմ, ովքեր փորձում են միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացին կամ խաթարել ԱՄՆ ժողովրդավարությունը», – ասում է ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը: «Սա Ռուսաստանի չարամիտ վարքի դեմ նոր արշավի մեկնարկն է»:

Մասնավորապես, պատժամիջոցների թիրախում են նաև Ռուսաստանի գաղտնի ծառայությունների կողմից վերահսկվող և ռուսական ապատեղեկատվական արշավում առանցքային դեր ունեցած մի քանի լրատվամիջոցներ: Պատժամիջոցների ցուցակում ներառված են նաև ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի հետ կապված Trans Logistic ու Unidget ընկերությունները:

Պատժամիջոցներ են սահմանվում նաև Կոնստանտին Կիլիմնիկի՝ ռուս և ուկրաինացի քաղաքական խորհրդատուների նկատմամբ: Վերջինս Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ է և նրանց անունից իրականացնում է տարբեր գործողություններ:

2021 թ-ի հունիսից ուժի մեջ կմտնի հրամանագիր, որն արգելում է ԱՄՆ ֆինանսական հաստատություններին 2021 թվականի հունիսից գնել ռուսական ռուբլու պարտատոմսեր: Ըստ Reuters- ի, արգելքը տարածվում է միայն առաջնային շուկաների վրա:

Բացի այդ, հինգշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հրամանագիր կստորագրի, որը թույլ կտա ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության ցանկացած ոլորտի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում նախագահ Բայդենը շեշտեց, որ ԱՄՆ-ը կդիմի համապատասխան գործողությունների՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար:

Չորեքշաբթի օրվա ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին նշել է, որ հեռախոսազանգի նպատակն էր ի ցույց դնել, որ Մոսկվայի գործողություններն աննկատ չեն անցնի:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հայտնեց, որ ամերիկյան անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները մանրամասներ կհրապարակեն ռուս հակերների գործողությունների և դրանց հակազդման հետագա քայլերի մասին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում