ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Ողջունում ենք ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Հայոց ցեղասպանության դժվարին օրերին Ամերիկայի կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:

ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտության և արդարության կողքին կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները: Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում», – ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում