Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բանակի օրվա կապակցությամբ եկեղեցու միաբան հայրերի հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի մասին:

«Այսօր Բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, և մենք միաբան մեր հայրերի հետ բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար, ինչպես նաև հայցենք, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ: Նաև մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և ժողովրդի: Թող Տերը օգնական ու պահապան լինի հայոց ազգին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս», – ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին