Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆ

Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նշվում է՝ 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։

Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։

Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերթենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը:

Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը:

Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը:

STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին (տղամարդկանց 40.3%-ը և կանանց 30.1%-ը), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում են մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել՝ իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում՝ հանրային սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը:

Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում