ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը պատրաստել և հրապարակել է միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ:
Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:

«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է ապացուցված 60 քաղաքացիական անձ, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 39, իսկ գերեվարման մեջ՝ 21 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով:

Փաստաթղթում ներկայացվել են միայն ապացուցված դեպքերը՝ անառարկելի հիմքերով, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ կիսատ տեղեկություններ, որոնք դեռևս հնարավոր չի եղել ամբողջապես ստուգել: Բացի դրանից, զեկույցի հրապարակման պահի դրությամբ՝ պաշտպանի փաստահավաք գործունեության հիման վրա արձանագրված են շուրջ 40 անհետ կորած քաղաքացիական անձանց անուններ, որոնց մի մասը, ապացուցված տվյալներով, գտնվում է ադրբեջանական գերության մեջ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների պաշտոնական լռությունից:

Սակայն պրակտիկան հուշում է, որ նշված քաղաքացիական անձանց մի մասն էլ ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և չի բացառվում, որ առաջիկայում կգտնվեն նրանց մարմիններն իրենց բնակության վայրերում կատարվող որոնողական աշխատանքների արդյունքում, ինչպես որոշ մարմիններ գտնվել են առ այսօր: Նշված պատճառներով ներկայացված ցանկերն ու վիճակագրությունը դեռևս նախնական են, և փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

Զեկույցի 2-րդ բաժնում ներկայացվում են 39 քաղաքացիական զոհեր, որոնք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների հետևանքով, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների դեպքերը:
Բաժին 3-ն ամփոփում է 21 քաղաքացիական զոհերի վերաբերյալ տվյալները, որոնք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ:

Հաշվի առնելով, որ զոհերի մի մասի մարմինները գտնվել են մահվանից բավականին ժամանակ անց, կոնկրետ դեպքերով անհնար է դարձել մանրամասնորեն գնահատել մահվան հանգամանքներն ու կատարված հանցագործությունների հետքերը: Այնուամենայնիվ, որոշակի դեպքերով ներկայացվում են նաև հակիրճ տեղեկություններ դատաբժշկական փորձաքննությունների նախնական եզրակացություններից»,- գրված է զեկույցում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան