Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 24-ին առցանց քննարկում է ունեցել  ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին:

ՀՀ ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը դրսևորվում է ինչպես վերջինիս ուղիղ ռազմական մասնակցությամբ, այնպես էլ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ: Նախարարի խոսքով՝ երկիրը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար:

Նախարարն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիք է, ինչը հրամայական է դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության հստակ և անհետաձգելի քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցներն համակարծիք էին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի հաստատման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման քայլերի հասցեագրման ուղղությամբ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան