Ալեն Սիմոնյանը և Իսպանիայի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ագրեսիային և փխրուն հրադադարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա:
Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման և փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարևորությունը:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու՝ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ:
Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային և փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի և դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել