Ալավերդի քաղաքի՝ 36-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 01։05-ին, բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է նույն օրը՝ ժամը 00:10-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ 1986թ. ծնված բնակչի, «ձախից կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ տեղափոխվելու մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, իսկ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել