ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են պաշտոններից

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից Արցախում խաղաղ բնակչի սպանության դեպքի մասնակիցները հեռացվել են պաշտոններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Հիմա իմ ունեցած տեղեկություններով՝ քննություն է տեղի ունենում: Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ դեպքի անմիջական մասնակիցները հեռացվել են իրենց պաշտոններից, նաև քննություն է սկսվել՝ դրա հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում վերջերս իր ունեցած հանդիպումներին: «Բոլոր հանդիպումներին քննարկվել է մեր ռազմագերիների, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում: Պատրաստակամությունը՝ աշխատելու այդ հարցերի լուծման ուղղությամբ, ես այնտեղ տեսել եմ»,-ասաց նա:

ԱԺ նախագահը հավելեց, որ թե պատերազմից հետո, թե պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, որոշ դեպքերում՝ ամենաորոշիչը:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը:

Related posts

Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան