Ազգային ժողովը քննարկում է դրոշի առավելագույն հանրայնացմանն ուղղված նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Հիմնական նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների ու երիտասարդների հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: ՀՀ-ում, ցավոք, չի ձևավորվել լայնամասշտաբ գործածման պրակտիկա, ինչը վկայում է պետությունից և նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին»,- ասաց Վարդանյանը:

Առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն:

«Առաջարկվում է նաև կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը»,- ասաց Վարդանյանը:

Հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ու ստացել դրական եզրակացություն:

«Կառավարության դիրքորոշումն օրենսդրական այս փոփոխության նկատմամբ դրական է: Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Միաժամանակ Խզմալյանը մի քանի դիտարկումներ մեջբերեց՝ մի մասը՝ տեխնիկական, մյուսը՝ սկզբունքային բնույթի:

«Անհրաժեշտ է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն»,- ասաց Խզմալյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան