Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում․ վարչապետ

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Բաքուն շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը «միջանցքային» տրամաբանության շրջանակում։ Տարբեր աղբյուրներից լուրեր են ստացվում նաև հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինտեխնիկայի կուտակման մասին։ Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սահմանային իրավիճակի վրա, և արդյոք կա՞ նոր պատերազմի վտանգ՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես կարծում եմ, որ, ի վերջո, Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականության քննության կարևոր առարկաներից մեկը պետք է լինի։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։

Ադրբեջանը պատերազմից հետո, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել, այսպես ասած՝ պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի։ Մենք շատ համբերատար, հետևողական փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց, ի վերջո, կարծում եմ, որ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը, այնուամենայնիվ, պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։

«Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր։ Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում, և ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում «միջանցքային» տրամաբանություն։ Մենք նախկինում հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ «միջանցքային» տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։

Ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ, ընդհակառակը՝ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ «Միջանցքային» տրամաբանությունը, իմ կարծիքով, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման հանել օրակարգից»,- ասաց Փաշինյանը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ