Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. Փաշինյան

Պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումը կարևոր է: Կարևոր է նաև արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցելը, որ մենք գտնվում ենք Հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Այդ մասին խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով կարևոր են Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ են Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է ՀՀ-ի պետական շահերից:

Հիմա այս համատեքստում բնական հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք, ասել ենք, որ մենք փորձում ենք և ամեն ինչ կանենք առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար:

Պիտի արձանագրենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց Փաշինյանը:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ