Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում էլ է ասել՝ առանձին քննարկման առարկա է, թե խաղաղապահները մինչև շաբաթ օրը ինչու չէին տեղակայվել Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում:

«Բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի շրջակա և հարող տարածքը: Սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ այդ տարածքը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, ապա պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ իհարկե Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ: «Բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ, որ Արցախի ՊԲ-ն չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները»,-ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց իր այդ միտքը՝ նկատի ունի, որ հայկական կողմը չպետք է անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը:

Ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները դեկտեմբերի 11-12-ին գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության
 տակ առել այդ բնակավայրերը՝ օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում