Ադրբեջանը փաստեց Արցախում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ծրագրի մասին. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը և միտումնավոր ռմբակոծությանը:  Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատապարտող հայտարարության մեջ ասված է.

«Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։

Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։

Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։

Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին»։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում