Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. ԱՄՆ սենատոր

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի անդամ Դայան Ֆայնշթայնը:

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այդ հուսահատ տարածաշրջանի բնակչությանը մատակարարումների ապահովման համար, և չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ բացի Լաչինի միջանցքը, որպեսզի խուսափի հումանիտար իրավիճակի վատթարացումից։ Ոչ մի արդարացում չկա պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարումները դադարեցնելու համար։ Տարածքային վեճերը չեն կարող լուծվել բնակչությանը սովամահ անելով, այլ միայն լուրջ բանակցությունների միջոցով»,- նշված է սենատորի հայտարարության մեջ։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար։

«Բայդենի վարչակազմը պետք է ուժեղացնի ճնշումը նախագահ Ալիևի վրա, որպեսզի նա վերջ դնի այս աղետալի քաղաքականությանը, քանի դեռ այն ավելի մեծ վնաս չի հասցրել տարածաշրջանի անմեղ քաղաքացիական անձանց: Քաղաքացիական բնակչությանը շրջափակելը միայն խստացնում է մոտեցումները և դժվարացնում խաղաղության հասնելը»,- հավելել է Ֆայնշթայնը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին