Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Ռուսաստանն ու Ադրբեջանն առաջնորդվում են իրենց շահերով և փորձում են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնել՝ ելնելով սեփական հետաքրքրությունների շրջանակից։  Ադրբեջանն այդ պատրվակն օգտագործում է իր դիրքերն ամրապնդելու համար՝ նպատակ ունենալով ՌԴ-ի հետ հետագա բանակցություններում այն օգտագործել որպես ճնշման միջոց։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ռուսական կողմն ավելի մեծ կախվածության մեջ է Ադրբեջանից և Թուրքիայից, քանի որ ռուսական գազի և նավթի մատակարարումը եվրոպական երկրներ իրականացվում է հիմնականում հենց նրանց տարածքով։ Ադրբեջանում կարծում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչ-որ կերպ կավարտվի կամ կսառեցվի, հետևաբար ձգտում են իրենց համար հակակշիռ ստեղծել և կախված լինելով Ռուսաստանից՝ նաև այնպես անել, որ ՌԴ-ն էլ կախյալ վիճակում լինի Ադրբեջանից»,- ասաց Դունամալյանը։

Նրա դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքվի վարքագիծը բավականին ագրեսիվ է, ինչը երևում է հայտարարությունների մակարդակում և տեղեկատվական դաշտում, հետևաբար Ադրբեջանում բարձրացած ալիքն ուղղված է Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով նրանից ինչ-ինչ փոխզիջումներ կորզել։

«Ադրբեջանական արտաքին քաղաքականության մեջ թուրքական գործոնը միշտ էլ առկա է, և այստեղ անհրաժեշտ է նաև ներկայացնել տարբեր հարցերի փոխկապակցվածությունը։ Այդ համատեքստում էներգակիրների տարանցիկ փոխադրման բաղադրիչը չափազանց կարևոր է, ուստի շատ հարցերում, այդ թվում՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանն ուղղակիորեն լսում է մեծ եղբորը՝ Թուրքիային։ Այստեղ կա նաև աշխարհաքաղաքական գործոն։ Սիրիայում իշխանափոխությունը թուլացրեց Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում։ Այդ հանգամանքը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս ավելի թուլ դիրքերից, քան մի քանի ամիս առաջ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Դունամալյանի կարծիքով՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան փորձում են փոխզիջումներ կորզել Ռուսաստանից, իսկ վերջինս ձգտում է ամեն կերպ դրան դիմադրել, թեև այդ գործում ռուսական կողմի լծակներն արդեն սահմանափակ են։

«Ռուսական էլիտաներն այս ամբողջ իրավիճակն ընկալում են ոչ այնքան որպես ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերությունների լարման հետևանք, որքան Ռուսաստան-Արևմուտք առճակատման արդյունք։ Ադրբեջանն այդ առումով նույնիսկ կարող է ընկալվել որպես Արևմուտքի ուղեծրում հակառուսական բևեռի տարրերից մեկը։ Այդուհանդերձ, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ առճակատում չի լինի։ Մյուս կողմից ՌԴ-ն ունի Ադրբեջանի վրա ազդելու տնտեսական լծակներ, իսկ ադրբեջանական կառավարող շրջանակներն ու նախագահն իր ընտանիքով ընկալվում են որպես հետխորհրդային տարածքի ընդհանուր էլիտայի բաղկացուցիչ մաս, և կապն այդ տեսանկյունից խզված չէ։ Այսինքն՝ կողմերը կարող են փոխադարձաբար և՛ համագործակցել, և՛ միմյանց հարվածներ հասցնել»,- նշեց Դունամալյանը։

Քաղաքագետի եզրակացմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի պարագայում Ռուսաստանը կարող է գնալ փոխզիջումների, որոնք, բնականաբար, չեն լինի այդքան մեծ և նույնիսկ կլինեն այլ երկրների հաշվին, օրինակ՝ Հայաստանի, եթե հաշվի առնենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա որոշ բարդություններն ու էներգետիկ, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր ունի ավել ուժեղ դիրք, որն ամրապնդվում է Թուրքիայի և որոշ առումով նաև Արևմուտքի աջակցությամբ։ Առաջին հայացքից ձևավորվել է բավականին խառը իրավիճակ, սակայն իրականում գործընթացների փոխկապակցվածությունը միանգամայն տեսանելի է»,- եզրափակեց քաղաքագետը։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել են դեկտեմբերի 25-ին Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 6-ին հայտարարեց, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են՝ նշելով, որ ինքնաթիռն անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ակնհայտորեն խոցվել է գետնից բացված կրակի հետևանքով։

Ռուսաստանը տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների առնչությամբ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ն Ռահման Մուստաֆաևին հրավիրել է արտգործնախարարություն։ Տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ: Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում