Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. ՀՀ ԱԳ նախարարն ասել է ԿԽՄԿ փոխնախագահին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը՝ երեք տասնամյակ ի վեր գոյություն ունեցող աշխատակարգի համաձայն:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ՝ որպես Արցախում այս պահին ներկա միակ միջազգային կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ  շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։

Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։

ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում