ԱԱԾ-ն որևէ մասնակցություն չի ունեցել ոստիկանության ուժեղացված ծառայությանը. պարզաբանում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ծառայողները որևէ մասնակցույուն չեն ունեցել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությանը: Այս մասին ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են» խորագրով հաղորդագրությանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ-ի պարզաբանումը.

«2021 թվականի հուլիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են»
խորագրով հաղորդագրություն և ներկայացրել, որ «2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող, այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանն ու պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին հորդորում ենք սեղմ ժամկետներում հերքել տվյալ միջոցառմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում