G20-ի ղեկավարները Հնդկաստանում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ընդունել են Ուկրաինայի իրավիճակի տեսակետների և գնահատականների տարբերությունը՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Եղել են իրավիճակի վերաբերյալ տարբեր տեսակետներ և գնահատականներ»,- ասված է 34 էջից կազմված փաստաթղթում։
G20-ի ղեկավարները դեմ են արտահայտվել միջուկային զենքի կամ դրա սպառնալիքի կիրառմանը: Նրանք նաև կոչ են արել ամբողջական իրականացնել հացահատիկի գործարքը՝ Ռուսաստանից և Ուկրաինայից պարենի և պարարտանյութերի մատակարարումն ապահովելու համար:
Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկխոսության վճռորոշ նշանակությունը: Նրանք բոլոր պետություններին կոչ են արել պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: