COVID-19-ի մասին եզակի աշխատության հեղինակներն անդրադարձել են ՀՀ նախագահի առաջ քաշած տեսությանը

Գոհար Ստեփանյան 15.09.2020 - 10:36
15.09.2020 - 10:36 դիտում

Կորոնավիրուսի համավարակի ի հայտ գալուն պես ողջ աշխարհում լուրջ ցնցումներ գրանցվեցին առողջապահական, սոցիալական ու տնտեսական համակարգերում: Անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ այդ ցնցումներին դիմակայելու և ապագայում նմանօրինակ խնդիրներին ավելի պատրաստ լինելու համար: Այս խնդրին է անդրադառնում Դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի ու «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեի համահեղինակած «COVID-19: The Great Reset» գիրքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հեղինակները ներկայացնում են համաշխարհային ճգնաժամի պատճառ դարձած ֆենոմենի ակունքները և նշում, թե ինչու է հարկավոր վերաձևավորել համաշխարհային սոցիալական, տնտեսական ու քաղաքական համակարգերը, որպեսզի պատրաստ լինենք հետագայում նման խնդիրներին առերեսվելիս:

Կլաուս Շվաբը և Թիերի Մալըրեն, գրքում խոսելով համավարակի պատճառով աշխարհում սկսված փոփոխությունների ու դրանց գլոբալ առումով անպատրաստ լինելու մասին, անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված «քվանտային քաղաքականության» տեսությանը: «Այստեղ հիմնարար կետն այն է, որ բարդ խնդիրները սահմանափակում են մեր գիտելիքներն ու իրերն ընկալելու ունակությունը: Հետևաբար, այսօրվա ավելացող բարդությունները բառացիորեն ճնշում են մասնավորապես քաղաքական գործիչների և առհասարակ որոշում կայացնողների կարողությունը՝ ընդունելու լավ հիմնավորված որոշումներ: Պետության գլուխ դարձած տեսական ֆիզիկոսը (Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը) այս տեսակետը հայտնեց, երբ ձևակերպում էր  «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ ընդգծելով, թե ինչպես հետնյուտոնյան ֆիզիկայի  դասական աշխարհը, որը գծային է, կանխատեսելի և ինչ-որ առումով անգամ դետերմինիստական, տեղը զիջել է քվանտային աշխարհին, որը խիստ փոխկապակցված է և անորոշ, շատ խճճված ու փոփոխվող՝ կախված ուսումնասիրողի դիրքից: Այս արտահայտությունը հիշեցնում է քվանտային ֆիզիկան, որը բացատրում է, թե ինչպես է ամեն բան աշխատում և լավագույնս է նկարագրում նյութը կազմող մասնիկների ու այն ուժերի բնույթը, որոնց հետ դրանք փոխազդում են: Կորոնավիրուսի համավարակը մերկացրել է այս քվանտային աշխարհը»,- նշում են հեղինակները:

Գիրքը բաղկացած է երեք գլխից: Առաջին գլխում նշվում է, թե համավարակն ինչ ազդեցություն է ունենալու հինգ մակրո կատեգորիաների՝ տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական, բնապահպանական և տեխնոլոգիական գործոնների վրա: Երկրորդ գլխում խոսվում է ազդեցության մասին միկրո մակարդակով՝  արդյունաբերական հատուկ ուղղությունների ու ընկերությունների վրա: Եվ վերջապես, երրորդ գլուխն անդրադառնում է անհատական մակարդակով հնարավոր հետևանքների վարկածներին: Հեղինակավոր Modern Diplomacy հարթակը, անդրադառնալով «COVID-19: The Great Reset» գրքին, նշում է, որ ողջ աշխարհը պատուհասած համավարակի պայմաններում սա իր տեսակով եզակի աշխատանք է:

Մինչև 2020 թվականի ավարտը նախատեսվում է գիրքը թարգմանել մի շարք լեզուներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ