2026 թ. պետբյուջեի եկամտային մասը նախատեսում ենք ավելացնել 253,4 միլիարդ դրամով կամ 8,9 տոկոսով. վարչապետ

2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253,4 միլիարդ դրամով կամ 8,9 տոկոսով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում:

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, թե 2026-ին ինչ առանձնահատուկ ծրագրեր ունենք, բացի այն սովորական ծրագրերից, որ պետք է բյուջեով ապահովել:

Վարչապետը հայտնեց՝ ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, ու 2026-ին քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերն ամբողջությամբ կանի Կառավարությունը՝ ադապտացիոն այս շրջանում:

«Կառավարությունը հետագայում նախատեսում է, որ պետք է ապահովի, օրինակ, մինչև 18 տարեկան երեխաների և 65-ից բարձր թոշակառուների և որոշակի սոցիալական խմբերի առողջության ապահովագրությունը: Որոշակի սոցիալական խմբեր ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև, որ մենք անապահովության գնահատման համակարգերը փոխում ենք, և այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը և նպատակն այն է, որ մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ աշխատել»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ սոցիալական ապահովության թեման շատ է շահարկվում, և դա է նաև պատճառը, որ իրենք հայտարարում են՝ կրթությունն է մեր ռազմավարությունը:

«Կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել: Այստեղ էլ է խնդիրը կրթության մեջ, որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու»,- նշեց նա:

Վարչապետը կարևոր համարեց նշել՝ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է ԼՂ մեր հայրենակիցների բնակապահովման և այլ կարիքների ու խնդիրների հասցեագրման համար:

Related posts

Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե