2025-ի մայիսին ունենք Հայաստանում արձանագրված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

Մայիսին մենք տնտեսական բավականին լավ ցուցանիշներ ենք արձանագրել, ինչը կարևոր է իմ նախնական դիտարկմամբ հետևյալով, որ կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին և դրանց փոփոխությանը, ինչն ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խոսքն ուղղելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ խնդրեց ներկայացնել տնտեսական ակտիվության ցուցանիշները:

Նախարարը մանրամասնեց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ թվով՝ 10,4 տոկոսով, աճել է 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ, և դա, ըստ Պապոյանի, հիմնականում պայմանավորված է շինարարության և ծառայությունների աճով, այսինքն՝ տնտեսության իրական հատվածում մեծ աճ է գրանցվել:

«Չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերության ոլորտում 5,5 տոկոսով կրճատում կա, մենք վիճակագրական կոմիտեի հետ աշխատանք իրականացրինք և տեսանք, որ մի շարք ոլորտներում մեծ աճ ունենք: Օրինակ՝ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության և այլ ոլորտներում արտադրությունն էականորեն աճել է: Պարզապես նախորդ տարի եղել է ոսկու վերամշակման պրոցես, որն այս տարի 41 տոկոսով կրճատվել է, և դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը, ըստ էության, բերվել են…, և արդյունքում մենք 5 տոկոսից մի փոքր ավելի կրճատում ունենք: Այսինքն՝ տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա, նաև արտադրության ոլորտներում, և եթե մենք ոսկու գործոնը չեզոքացնեինք, է՛լ ավելի մեծ արդյունք կունենայինք»,- ասաց նախարարը:

Փաշինյանը վերահաստատեց՝ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրվել է 10,4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ արդեն այս արդյունքի համադրումով հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ արձանագրել է 5,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

«Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի: Մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահոված 790 հազար 320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242 հազար 331-ով կամ 44 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի մայիսի համեմատ 242 հազար աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում:

Աշխատավարձային ֆոնդն ավելի է 2018 թվականի մայիսի համեմատ 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը 2,5 անգամ աճել է:

Եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա. եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է: Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք՝ սահմանելով համահարթ եկամտահարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են (101 տոկոսով), իսկ միջին աշխատավարձն աճել է 74 տոկոսով»,- ասաց նա:

Related posts

Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով․ Նազելի Բաղդասարյան

Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի և էական աճ ունենք. Փաշինյանը՝ Գորիսում և Մեղրիում նոր ենթակառուցվածնքերի մասին

Հայաստանն առաջին երկրներից է, որն արհեստական բանականությունը ներդրել է սոցիալական պաշտպանության համակարգում. Նարեկ Մկրտչյան