2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է

Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման, քանի որ  2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է։
Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։
Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը.
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ կառույցները պետք է հաշվառել մինչև 2022 թվականի մարտի 15-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։
Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։

Related posts

Քննչական կոմիտեի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքով մեկ անձ է ձերբակալվել

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան