Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ

«Լիովին տեղյակ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես,  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Մենք մտքով զինվորների հետք ենք և քաջ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է  ունենում հայ-ադրբեջանական սահմանի վճակի շարունակական վատթարացման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պեղումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում և ընդգծել, որ մտքով նաև Գեղարքունիքում է:

Դեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում:

«ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը, բայց միևնույն ժամանակ,  դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,- շեշտել է Ժոնաթան Լաքոտը: Ըստ նրա՝ Մինսկի խմբի շրջանակում շփումներ կան ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի նախևառաջ սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ ներդրում ունենան, իսկ երբ պահը գա ներդրում ունենան նաև քաղաքական գործընթացում:

«Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների վիճակն է: Բնականաբար, մեր մտքում է և մենք չենք մոռանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի որոշ կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցն է»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով Էմանուել Մակրոնի՝ Հայաստան սպասվող այցին՝ դեսպան Լաքոտը նշել է, որ այցի համար հստակ ամսաթիվ դեռևս չկա, Ֆրանսիայի նախագահը Երևան կգա այն ժամանակ, երբ իր այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար. «Այդ պահին էլ կտեսնենք, թե ինչ հնարավոր փաստաթուղթ կարող  է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- եզրափակել է ժոնաթան Լաքոտը:

Related posts

Նիկոլ Փաշինյանն այցելել է Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ

Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր

«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագծի քննարկմանն ԱԺ-ում քվորում չի եղել