Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Երևանի պարեկների հետ։

Հուլիսի 8-ին՝ ժամը 16․50-ին, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին և իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։

Զննությամբ մեքենայում հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա և մեկ կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունեց, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ձերբակալեցին նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էր 31-ամյա տղամարդը վերցրել թմրամիջոցները։

Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Related posts

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ

Նոր շուկաներ, նոր աջակցություն, կառավարության հերթական որոշումները